Ամփոփում եմ առցանց ուսուցման առաջին շրջանը. մարտի 2-6

on

Տեխնոլոգիաների աշխարհում, հատկապես այսպիսի վիրտուալության չափաժին ունեցող մեր առօրյայում, որքան էլ զարմանալի է, ինձ համար գերադասելի է այն, ինչն ունի մարդկայնորեն «շոշափելի» բովանդակություն: Մենք այս օրերին ականատեսն ենք լինում նրա, որ մարդկային կենդանի շփումը գնալով ավելի ու ավելի թանկ է դառնում: Անցում կատարելով նշածս վիրտուալ աշխարհում հայտնի դարձած առցանց ուսուցմանը, կնշեմ որ դրա կազմակերպումն ինձ անծանոթ երևույթ չէ:

Ավագ դպրոցում կա հեռավար սովորողների գրեթե մի դասարան (22 հոգի)՝ հավաքված աշխարհի տարբեր ծայրերից, որոնցից հինգը, այժմ արդեն՝ չորսը 2020թ.-ի շրջանավարտ են:

Մարտի 2-6-ը, երկրում ստեղծված իրադրության պատճառով, եղավ պարտադրված մեկշաբաթյա արձակուրդ, որի ընթացքում կրթահամալիրն աշխատեց առցանց ռեժիմով:

Ես Ավագ դպրոցի 12-րդ դասարանների կազմակերպիչն եմ, ուստի՝ ամփոփումս կվերաբերի այդ օրերին իմ և սովորողների, իմ և դասավանդողների միջև աշխատանքային կապին, գրասենյակային մեր թիմով կատարած աշխատանքին, այդ օրերին սովորողների կատարած, հրապարակած աշխատանքներին, կողմերի մոտ՝ ըստ իս առաջացած խնդիրներին և, իհարկե այդ շաբաթվա դրական արդյունքներին՝ ևս:

Նյութս լավ նոտայով ավարտելու համար կսկսեմ եղած խնդիրներից, որոնք այդ շաբաթվա ընթացքում չէ, որ ի հայտ եկան: Ավագ դպրոցի 12-րդ դասարանն ունի իր հայտնի խնդիրների ցանկը, որը հիմա չեմ ուզի թվել, բայց կանդրադառնամ մեկ, երկու կարևոր, խանգարող հանգամանքների: Այս դասարանում, մենք ուզենք, թե՝ ոչ, անկախ մեր ցանկությունից, սովորողների մոտ առաջանում է չգրված, անխախտ մի իրավունք, ըստ որի իրենք կարող են կատարել դպրոցի կողմից իրենց տրվող ուսումնական անելիքները միայն ազատ ժամանակ ունենալու դեպքում, այն է՝ լրացուցիչ պարապմունքների հաճախելուց, այնտեղ հանձնարարված իրենց առաջադրանքներն ավարտելուց հետո. նրանք ազատ ժամանակ գրեթե չեն ունենում: Կարծում եմ, պարզ դարձավ, թե որն է խնդիրների սկզբնաղբյուրը: Այստեղից էլ առաջանում է նաև էլ.հասցեների, բլոգների թերի գործածումը, որոնք աշխատանքային ամենակարևոր տարածքներն են, միջոցները: Ինչևէ, անցնեմ բուն թեմային:

Առցանց աշխատանքի անցնելու հրամանին ծանոթանալուց անմիջապես հետո, ստացա դպրոցի ղեկավարի նամակը, ըստ որի պետք է հրապարակվեր կազմակերպչի այդ շաբաթվա անելիքները, որը և հրապարակվեց: Առաջնային փուլում եղավ նամակագրություն սովորողների հետ, նրանք ծանոթացան կազմակերպչի կողմից տրվող աշխատանքային փաթեթին, առարկայական առաջադրանքներին, իմ կողմից տրվող աշխատանքների մասով կատարվեց աշխատանքների բաժանում, թեմաների ընտրություն: Աշխատանքը հաճելի էր, գրավիչ այնքան, որ համակարգչի առաջ օրս անցնում էր, հաճախ նույնիսկ առանց ժամացույցին նայելու: Քանի դեռ չեմ մոռացել, փաստեմ մի հետաքրքիր իրողություն, որ սովորողների հետ շփումն ավելի շատ իրականացնում էինք գիշերային ժամերին: Եթե առավոտյան կամ կեսօրին գրածս նամակի պատասխանին կարող եմ սպասել 3-5 ժամ, ապա կեսգիշերին, գիշերը գրելու դեպքում պատասխանս կստանամ 2-3 րոպեի ընթացքում: Աշխատանքը կատարում էինք՝ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելով: Այդ ժամերին կարծես պատանիների կյանքն ավելի է ակտիվանում, օնլայն համակարգում ակտիվ են բացարձակ բոլորը : Այս օրերին մենք աշխատել ենք և՛ էլ. հասցեներով, և՛ ֆեյսբուքյան մեր աշխատանքային խմբերով, անձնական զրուցարաններով: Ըստ իս` «Ֆեյսբուք» սոցիալական կայքը կարող է համարվել լիարժեք աշխատանքային հարթակ, քանի որ այն մեր կյանքում առցանց կապի ստեղծման ամենաարագ միջոցն է: Եղավ առցանց աշխատանքը սիրող, հաճույքով դրանով զբաղվող տասներկուերորդցիների մի զգալի զանգված, բայց և եղավ մի խումբ, որը, կարծես, նախընտրում է ֆիզիկական շփումը դպրոցում` և՛ դասավանդողների, և՛ դասընկերների հետ:

Այդ օրերին կատարվող աշխատանքներից ստեղծված մեդիափաթեթները՝ ըստ օրերի, հրապարակվել է իմ բլոգում, որպես լավագույն աշխատանքների ընտրանի. մաս 1, մաս 2, մաս 3: Գրասենյակի հետ մեր թիմային աշխատանքը սկսվում էր ավելի շուտ, քան ֆիզիկական միջավայրում էր. 8.30-ից լսում էի հեռախոսիս անդադար ծլնգոցները: Դրանք մեր աշխատանքային քննարկումներն էին ընթացիկ խնդիրների, ծրագրի ղեկավարի կողմից առաջարկվող աշխատանքային ուղղությունների, գրասենյակի ղեկավարի առանձին հանձնարարություների մասին, միմյանց օգնող զրույցներ էին, որոնք մեր աշխատանքը դարձրին ավելի կոկիկ, ներկայանալի:

Արդեն գիտեք, որ մարտի 16-20-ը ևս առցանց ուսուցման շաբաթ է, այնպես որ, սպասեք ավելի հետաքրքիր, հավես աշխատանքների մեր կողմից:

Оставьте комментарий